Դեկտեմբերի 10-ին Կապանում բացվեց տարածաշրջանում առաջին էլեկտրոնային գրադարանը: Դրա հիմնադրման աշխատանքները մեկնարկել են 2013թ. աշնանը, շինարարությունն սկսվել է 2014թ. մարտից:

Բացման արարողության մասնակիցերը շրջեցին գրադարանի սրահներում, ծանոթացան այստեղ ներդրված տեխնոլոգիաներին, առկա հնարավորություններին:Նրանց ներկայացվեց նաեւ այս ծրագրի իրականացման պատմությունը:

2013թ. դեկտեմբերին “Քաութերփարթ ինթերնեշնլի” կողմից հայտարարված ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրի մրցութային փուլին մասնակցելու համար Կապան քաղաքային համայնքի եւ  ՀԱԽ-ի (համայնքային ակտիվ խումբ) կողմից ներկայացվեց “Էլեկտրոնային գրադարանի” ծրագիրը, որն ուղղված էր գրադարանային համակարգի՝ որպես համայնքային ենթակառույցի, գործունեության եւ մատուցվող գրադարանային ծառայության որակի բարելավմանը:

Ծրագրով նախատեսվում էր “Կապանի ակումբագրադարանային միավորում” ՀՈԱԿ-ի՝ մշակույթի կենտրոնում տեղակայված մանկական գրադարանի 370քմ  տարածքը վերանորոգել եւ վերակազմավորել ժամանակակից էլեկտրոնային գրադարանի:

Նորագույն սարքավորումների ներդրմամբ՝ գրադարանում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի համապատասխան էլեկտրոնային սարքավորումների, համակարգիչների միջոցով, բարձր մակարդակով եւ որակով իրականացվի ընթերցողների սպասարկումը, որոնց հնարավորություն կտրվի օգտվել ոչ միայն տեղի գրքային ֆոնդից, այլեւ այլ գրադարանների էլեկտրոնային փաթեթներում գտնվող գրքային ֆոնդերից, որի համար Կապանի գրադարանը շուտով կանդամակցի Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին:

2014թ. ամռանը Կապանի ակումբագրադարանային միավորման 10 աշխատակից մասնակցեց “Քաունթերփարթ ինթերնեշնլ” կազմակերպության եւ  Հայաստանի  ամերիկյան համալսարանի Փափազյանի անվան գրադարանի կողմից կազմակերպված վերապատրստաման դասընթացներին: Գրադարանավարները ձեռք բերեցին անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ “ԿՈՀԱ” գրադարանային ծրագրով ավտոմատացված ծառայություններ մատուցելու համար: Կապանցի գրադարանավարները ծանոթացան նաև առցանց տեղեկատվական ծառայություններ մատուցելու հմտություններին:

Վերանորոգման աշխատանքներին զուգընթաց` վերապատրաստում անցած գրադարանավարները սկսել էին գրքերի էլեկտրոնային կատալոգի ստեղծման աշխատանքները եւ մոտ  20 000 կտոր գրականության թվայնացումը, որն այժմ էլ ընթացքի մեջ է:

Նախատեսվում է, որ էլեկտրոնային գրադարանը կդառնա նաեւ յուրօրինակ կրթական, մշակութային, հասարակական, ժամանցային կենտրոն, որն իր ձեւաչափով առաջինը կլինի տարածաշրջանում: